«The Jerusalem Post». Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտքն է
Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտքն է: Այս մասին գրում է «The Jerusalem Post»-ը:
«Որպես հրեաներ, մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքը, եթե անգամ մենք չենք մեղադրում որևէ մեկին: Մենք գործում ենք որպես հրեաներ, ովքեր հավատարիմ են ճշմարտությանն ու այլ ժողովուրդների տառապանքին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և քաղաքական և դիվանագիտական զգուշավորություն ցուցաբերենք մարդկային արժեքների հարցում»,- 1915թ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ պլենում քննարկման ժամանակ հայտարարել է Քնեսեթի խոսնակ Յուլիյ Էդելշտեյը:
Նա արձագանքել է «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնի բանաձևին, որում կոչ է արվում կառավարությանը մինչև ցեղասպանության 100-ամյակը, ճանաչել այն:
«Կառավարությունը չպետք է զոհաբերի ճանաչումը ժամանակավոր շահերի պատճառով: Ամեն անգամ տարբեր դիվանագիտական լուծումներ կլինեն: Երբ մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը և երբ հարցը գալիս է Մարմարայի թեմային, մենք փոխում ենք մեր միտքը: Որպես ազգ, որը տեսել է Հոլոքոսթ, մենք չենք կարող անհարկի նկատառումների պատճառով արհամարհել Ցեղասպանության փաստը»,-նշել է Զեհավա Գալ-Օնին:
Քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել նաև Likud Beytenu («Իսրայելը մեր տունն է») քաղաքական միավորման անդամ Ռևեն Ռիվլինը՝ հիշեցնելով, որ աշխարհը շարունակում է լռել հայերի հարցով։
«Ինձ համար ծանր է ներել այն ազգերին, որոնք անտեսում են մեր ողբերգությունը, ուստի մենք չենք կարող ինքներս անտարբեր լինել այլ ազգի ողբերգության հանդեպ։ Դա մեր բարոյական պարտականությունն է՝ որպես ժողովուրդ և որպես հրեա»,- նշել է Ռիվլինը։
Այնուհետ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի փոխարեն առաջարկին պատասխանել է Զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուն, ով ևս համակարծիք է Քնեսեթի մյուս պատգամավորների հետ այն հարցում, որ Ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտավորությունն է։
Քննարկման ավարտից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկն ուղարկվել է Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողով։