Մայր Աթոռը ՌԴ Պետդումայից Ուկրանիայի վերաբերյալ կոչ անելու խնդրանքով որևէ դիմում չի ստացել
Ռուսաստանի Պետդումայում որոշել են Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնել ազգային համայնքների լիդերներին կոչի միջոցով: Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը:
Ըստ աղբյուրի, Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը երեք պաշտոնական գրություն է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Պաշտոնական դիմումի մեջ, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, խնդրանք է հանրային հայտարարություններ անելու, որոնք կկարողանան «դադարեցնել արյունոտ գինարբուքն Ուկրաինայում, ինչը միայն ցավ, արցունք, ավերածություն և մահ է բերում»:
Ռուս պատգամավորի կարծիքով, Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ազգային լիդերների հանրային կոչերը կարող են ազդել այդ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, ով, ինչպես հայտնի է, ունի հայկական արմատներ:
Panorama.am-ը դիմեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ` պարզելու արդյո՞ք նման բովանդակությամբ գրություն ստացվել է և ինչպե՞ս է արձագանքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին դրան:
Տեղեկատվական համակարգից մեզ փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման գրություն չեն ստացել. «Եթե որևէ բան լինի, ապա անպայման կարձագանքենք»:
Նշենք, որ այս գրության մասին համակարգը տեղեկացել էր լրատվամիջոցներից:
«Իզվեստիա»-ի ձեռքի տակ եղած դիմումի մեջ նաև նշվում է Հայոց Ցեղասպանության մասին, որով հիշեցվում է հայ ազգի կրած տառապանքների մասին և Ուկրաինայի իրադարձությունները համեմատվում են ցեղասպանության հետ:
«Հնարավոր է` հայ ազգի զոհերի մասին հիշեցումը իր զավակներից մեկի` Արսեն Ավակովի սրտում կարեկցանք արթնացնի այն մարդկանց հանդեպ, ովքեր այսօր Ուկրաինայում արցունք են թափում զոհվածների համար, և դա կփրկի քաղաքացիների կյանքը»,- Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովի խոսքն է մեջբերել պարբերականը:
Panorama.am-ի կողմից նշենք, որ «Իզվեստիա»-ի հրապարակումը տարակուսանքների առիթ դարձավ հայաստանյան հասարակությունում: Մասնավորապես հարցեր առաջացան, թե` եթե դիմենք հայկական արմատներ ունեցող որևէ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի, արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը որևէ կերպ կփոխի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը: