Խոշոր վթար Թուրքիայի ածխահանքերից մեկում. կա 201 զոհ
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության ածխահանքում տեխնածին պայթյունի հետևանքով նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել: Ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` հայտնելով ածխահանքում աշխատող 151 մարդու մահվան մասին:
Դեպքի վայրում գտնվելիս է եղել ընդհանուր առմամբ 787 հանքագործ:
Նրանցից 76-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այնուհետև զոհերի և վիրավորների թիվն ավելացել է` հասնելով, համապատասխանաբար` 201-ի և 80-ի: Վիրավորների թվում են նաև դեպքի վայրում անհրաժեշտ գործողություններ իրականացնող փրկարարներ:
Հրդեհված ածխահանքում փրկարարական աշխատանքներ է իրականացնում 430 մարդ: Նրանց ջանքերով հնարավոր է ածխահանքից դուրս բերել երկու տասնյակ բանվորների: Նախնական տեղեկություններով` վթարված ածխահանքում արգելափակված է մնացել ավելի քան 200 աշխատակից, որոնք վառվելու կամ ծխախեղդ լինելու վտանգի մեջ են:
«Մտահոգություն ունենք, որ զոհերի թիվը կավելանա»,- ըստ թուրքական «Հաբերլեր» կայքի` լրագրողներին ասել է էներգետիկայի նախարարը:
Վերջին տվյալներով` փրկարարներին հաջողվել է աղետի վայրից դուրս բերել ևս 6 հանքագործի, ովքեր շտապ հոսպիտալացվել են: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: