Արա Աբրահամյանը` Ուկրաինայի հարցով հայտարարություն անելու ՌԴ պետդումայի դիմումի մասին
Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն անելու և ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովի վրա ազդելու կոչով ՌԴ պետդումայի պատգամավորի պաշտոնական դիմումը հայ առաջնորդներին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը անհասկանալի է համարում:
«Այն, ինչ-որ դիմել են մեզ, որ մենք հայերի միության անունից դիմենք Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովին, որ ինքն իր գործողությունները կամ աշխատանքը այլ ձև կազմակերպի, անհասկանալի է մեզ համար»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Նա նաև նշել է, որ ունեն իրենց մոտեցումը, և այն, ինչ կատարվում է Ուկրաինայում անթույլատրելի է. խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների խաղաղ ճանապարհով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուսական «Իզվեստիա» պարբերականը գրել էր, որ ռուս պատգամավորի կարծիքով, Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ազգային լիդերների հանրային կոչերը կարող են ազդել այդ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, ով, ինչպես հայտնի է, ունի հայկական արմատներ:
Ըստ պատգամավորի, հանրային հայտարարությունները Ավակովին, կդադարեցնեն «արյունոտ գինարբուքն Ուկրաինայում, ինչը միայն ցավ, արցունք, ավերածություն և մահ է բերում»:
Աղբյուրը նշել էր նաև, որ Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը երեք պաշտոնական գրություն է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Panorama.am-ը դիմել էր նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ` պարզելու արդյո՞ք նման բովանդակությամբ գրություն ստացվել է և ինչպե՞ս է արձագանքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին դրան:
Տեղեկատվական համակարգից մեզ փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման գրություն չեն ստացել. «Եթե որևէ բան լինի, ապա անպայման կարձագանքենք»:
Նախորդող հրապարակում`
Մայր Աթոռը ՌԴ Պետդումայից Ուկրանիայի վերաբերյալ կոչ անելու խնդրանքով որևէ դիմում չի ստացել