Ուկրաինական ճգնաժամին արձագանքում են արևմտյան ընկերությունները
Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ավիածառայությունների կրճատման, իրավիճակի փոփոխության պատճառով գերմանական Air Berlin ավիաընկերությունը նվազեցնում է դեպի Ռուսաստան կատարվող չվերթների քանակը: Այս մասին հայտնում է «Դոյչէ Վելլեն»:
«Ռուսական ճգնաժամը մեզ վնաս պատճառեց»,- հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Վոլֆգանգ Պրոկ-Շաուերը (Wolfgang Prock-Schauer):
Նրա խոսքերով, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող լարվածությունը հանկարծակիի է բերել Air Berlin ընկերությանը, քանզի ընկերությունը ընդլայնել էր ավիաչվերթների քանակը դեպի ՌԴ, Ուկրաինայում քաղաքական հասունացող ճգնաժամից առաջ: Իսկ այժմ գերմանիայում իր մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը ստիպված արձագանքում է իրավիճակի փոփոխոխություններին և ընկերության բարելավման փուլում կրկին պետք է կրճատվեն դեպի ՌԴ կատարվող չվերթները:
Ուկրաինական ճգնաժամն անհետևանք չի մնացել նավթարտադրության ոլորտի զարգացումների վրա: Մոսկվայում կայանալիք նավթարտադրության ոլորտի կարևորագույն միջոցառմանը դեմարշ են կատարել կանադական նավթագազային ընկերությունն ու Ալբերտա նահանգը` հրաժարվելով մասնակցել Միջազգային նավթային համաժողովին:
Ալբերտա նահանգը իր նավթային պաշարների մեծությամբ աշխարհում համարվում է երրորդը:
BBC-ի փոխանցմամբ, Նահանգի վարչապետ Դեյվ Հենկոկը «Ուկրաինայի կայության դեմ ուղղված Ռուսաստանի շարունակական գործողությունների պատճառով Ալբերտայի մասնակցությունը Մոսկվայի համաժողովին աննպատակահարմար է: Մենք շարունակում ենք աջակցել Կանադայի կառավարության հաստատակամ հորդորները լարվածության թոթափման ուղղությամբ և դեմ ենք ռազմական ագրեսիային ու անօրինական օկուպացիային»,- հայտարարել է:
Ալբերտայի իշխանությունների օրինակին է հետևել նաև կանադական հսկա Suncor Energy Inc նավթագազային ընկերությունը, չնայած որ մասնակցության հայտ էր ներկայացրել:
Նշենք, որ միջազգային նավթային համաժողովը անց է կացվում 4 տարին մեկ անգամ և համարվում է նավթարտադրության ոլորտում խոշոր և հեղինակավոր միջոցառում: 21-րդ համաժողովը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 15-19-ը: