Վարչապետ. Առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռևս 2005թ.-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով: Բոլոնիայի գործընթացին մեր կողմից տրվող կարևորությունն արտացոլված է ՀՀ կողմից՝ 2012 և 2015 թվականների Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացնելու մեր հանձնառություններում:
Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդման»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա, Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, հատկապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում:
«Գիտելիքի վրա հիմնված կառուցվող տնտեսության վառ ապացույցներ կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են լայնածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավող մեր երկրի ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերը»,- փաստել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գումարման առնչությամբ, որը կրում է «Աշխատանքի շուկայի համար որակավորումներ» խորագիրը: Թեմայի ընտրությունը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, վեր է հանում բարձրագույն կրթության ոլորտի արդիականացման համատեքստում բուհ-աշխատաշուկա, ուսանող-գործատու բևեռների մոտեցման, ինչպես նաև հիշյալ ոլորտներում առկա հնարավորություններն ու մարտահրավերները գնահատելու և դրանց առավելություններն արդյունավետ օգտագործելու առաջնահերթությունները:
Կրթության ոլորտին առանձնակի ուշադրության արժանացնելու համար Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը ՀՀ վարչապետին պարգևատրել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա