Թուրքիայի վարչապետի խորհրդականը ոտքով հարվածում է գետնին ընկած ցուցարարին (լուսանկարներ)
Թուրքական լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են լուսանկարներ, որոնցից երևում է, թե ինչպես է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելը գետնին ընկած ցուցարաներից մեկի նկատմամբ բռնություն է կիրառում` ոտքով հարվածելով:
Դեպքը տեղի է ունեցել ածխահանքի ողբերգական վթարի վայրում` Սոմա շրջանում: «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «BBC»-ի թղթակիցը զանգահարել է Էրդողանի նշյալ խորհրդականին և փորձել պարզաբանումներ ստանալ:
Յուսուֆ Յերքելը հաստատել է, որ համացանցում տարածված նկարներում ինքն է պատկերված և հավելել, որ շուտով հանդես կգա մանրամասնությունները պարզաբանող հայտարարությամբ:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականը գրում է, որ Էրդողանի խորհրդականի` Սոմայի ածխահանքում զոհված բանվորների մերձավորներին ծեծի ենթարկող անվայել պահվածքը բարկացրել է հանրությանը: Թուրք պաշտոնյայի գործադրած բռնությանն արձագանքել է նաև արևմտյան մամուլը: