Վարչապետը գործարարներին մինչև հուլիսի 1-ը ժամանակ է տվել՝ օրինական և հավասար դաշտում աշխատելու համար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով գործարարների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը, նշեց, որ մինչև այս տարվա հուլիսի 1-ը նրանց ժամանակ է տրվել՝ օրինական և հավասար դաշտում աշխատելու համար:
«Մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,- ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ տվել է հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին:
«Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»,- ասաց Հ. Աբրահամյանը: