Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է հրաժարվի Ջեյմս Ուորլիքի առաջարկած 6 կետերից
«Ես դեմ եմ Հայաստանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, քանի որ նա հայ ժողովրդի դեմ ոճիր է գործել և Հայաստանի շահերը ծառայացրել է իր կարիերայի համար: Նա տոտալիտար համակարգի ներկայացուցիչ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նրա կարծիքով, որ արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ գտնվող ՌԴ-ը ՀՀ-ի` Մաքսային միության մեջ մտնելուց հետո, կարող է օգտագործել ՀՀ տարածքը Արմուտքի և Արևելքի հետ փոխհարաբերություններ հաստատելու համար և Հայաստանն այդ հարցով կդառնա կապող միջանցք:
«Եթե մենք չմտնեինք Մաքսային միություն, ՀՀ-ում կկրկնվեին Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձությունները»,-նշեց Լ.Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանի հայությունը պետք է լոբբինգ անի, ոչ թե Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցով, այլ որպեսզի Մոսկվան ճանաչի Արցախի անկախությունը:
«Ռուսաստանը միացրեց Ղրիմը իր տարածքին՝ օգտագործելով հայերի ղարաբաղյան փորձը»,-նշեց Լ.Շիրինյանը:
Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը նշեց, որ Ուորլիքի հայտարարությունը ոչ հայամետ է, ոչ ադրբեջանամետ. «Ամերիկացիները ցանկանում են տաքացնել ղարաբաղյան հարցը՝ Ռուսաստանին վնասելու համար»:
Ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է հրաժարվի Ուորլիքի առաջարկած 6 կետերից և ընդհանրապես մադրիդյան կոչված սկզբունքներից: