«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունն ընդունվեց
Քիչ առաջ Ազգային ժողովը 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Մասնավորապես, օրենքով նախատեսվում է, որ գործատուն վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ:
Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածը:
Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: