Ֆյուլե. ԼՂ հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է
«Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացքում շոշափելի առաջընթացի բացակայությամբ, որը Եվրամիության քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է»,- այս մասին «1news.az» լրատվական գործակալության փոխանցմամբ, «The Business Year: Azerbaijan – 2014» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա համոզմամբ` միայն խաղաղ կարգավորումը թույլ կտա Հարավային Կովկասին անվտանգ և բարեկեցիկ ապագա ունենալ, ինչպես նաև բացահայտել Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող տարածաշրջանի ողջ ներուժը: Ֆյուլեն ողջունել է 2013թ.-ի նոյեմբերին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել երկար դադարից հետո:
Նա կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին ակտիվացնել համաձայնության հասնելու ջանքերը Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա: Եվրահանձնակատարը ԵՄ անունից աջակցություն է հայտնել Մինսկի խմբի ջանքերին և հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկներին, որոնք ներառում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, հարգանք տարածքային ամբողջականության նկատմամբ և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ապահովում:
«Մինսկի գործընթացը պահանջում է այնպիսի մթնոլորտի ձևավորում, որը բարենպաստ կլինի բանակցություններում առաջընթացի համար»,- նշել է Ֆյուլեն:
Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում լուրջ միջադեպերի և ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ: Եվրահանձնակատարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են սրել լարվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում