«Սոմայում զանգվածային սպանության համար մեղավոր են նրանք, ովքեր ներդրել են մասնավորեցման քաղաքականություն»
Թուրքիայի խոշորագույն արհմիությունները հայտարարել են մեկօրյա գործադուլ ամբողջ երկրով մեկ` կապված Սոմա քաղաքի մոտ գտնվող հանքահորում տեղի ունեցած աղետի հետ, որի հետևանքով արդեն 282 մարդ է մահացել, հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու ծառայությունը:
Մահացածների թիվը շարունակում է աճել, քանի որ տասնյակ հանքափորներ դեռևս մնում են գետնի տակ:
Արհմիությունների ղեկավարների խոսքերով`լեռնաարդյունաբերության վերջերս տեղի ունեցած մասնավորեցումից հետո հանքափորների աշխատանքային պայմանները դարձել են ավելի դժվար և ավելի վտանգավոր կյանքի համար:
Թուրքիայի Հեղափոխական-աշխատողների արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Արզու Չերքեզօղլուն կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին հագնել սև հագուստներ և քայլերթով անցնել աշխատանքի նախարարության շենքի դիմացով:
«Սոմայում զանգվածային սպանության համար մեղավոր են նրանք, ովքեր ներդրել են մասնավորեցման քաղաքականությունը, ովքեր աշատողների կյանքը վտանգի են ենթարկել` շահույթի հետևից մրցավազքում կրճատելով ծախսերը: Եվ նրանք պետք է պատասխան տան տեղի ունեցածի համար», - ասվում է Պետական ծառայողների արհմիության տարածած հաղորդագրությունում: