Թուրքիայի վթարված ածխահանքի զոհերի թիվը հասել է 282-ի
Մայիսի 13-ին Թուրքիայում տեղի ունեցած ածխահանքի խոշոր վթարի զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 282-ի: Այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Զոհված հանքագործներից 217-ի ինքնությունը արդեն ճանաչվել ու հաստատվել է, և դիերը հանձնվել են իրենց հարազատներին:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` նախարարը նաև հայտնել է, որ վթարված ածխահանքում դեռևս արգելափակված աշխատակիցներ կան, որոնց դուրսբերման փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Թուրքիային պատուհասած այդ աղետը տեղի է տվել մի շարք քաղաքացիական խռովությունների և բողոքի միջոցառումների: Մասնավորապես` Իզմիթ քաղաքում բողոքի դուրս եկած ակտիվիստները բախման մեջ են մտել ոստիկանական ուժերի հետ: Վերջիններս գործադրել են ջրաշիթեր ու արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանում գտնվող ածխահանքում, նախնական տեղեկությունների համաձայն էլեկտրական խոտանի հետևանքով բռնկվել էր հրդեհ և խոշոր վթար տեղի ունեցել: Հանքում այդ պահին գտնվելիս է եղել 787 աշխատակից: Տեխնածին այդ աղետի կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում