Համերգային երեկո Երևանում՝ նվիրված Շառլ Ազնավուրի 90-ամյակին
Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա համերգային երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 90-ամյակին: Այս մասին Panorama.am-ին տեղերացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգին կմասնակցեն ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանիկ կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Էվա Ոսկանյանը: Կկատարվեն ֆրանսիացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ Էվա Ոսկանյանի հեղինակային երգերից:
Ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:
Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Հայաստանին ցուցաբերած օգնության համար նրան շնորհել են դիվանագիտական անձնագիր և նշանակել են Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: