Մեր խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է. Փաստաբանը` սենսացիոն ձայնագրության մասին
«Ես օգտվում եմ իմ իրավունքից և առայժմ ձեռնպահ եմ մնում որևէ հայտարարություն անելուց: Ուղղակի կարող եմ ասել, որ այդ արարքը անհետևանք չի մնա»,-այսօր Panorama,am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արշավիր Խալափյանը, որի մասնակցությամբ սենսացիոն ձայնագրություն էր հայտնվել համացանցում:
Հիշեցնենք` «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» նկարագրությամբ «Youtube» տեսահոսթինգում «Հայաստան Պատրիոտ» օգտատիրոջ կողմից տեղադրվել է մի ձայնագրություն, որտեղ երկու անձի խոսակցություն է: Ձայնագրության վրա դրված են Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի և կապանցի Աշոտ Կույումջյանի նկարները` որպես երկխոսության հեղինակների:
Երկու անձանց միջև խոսակցությունը հողակտորի վրա կառուցապատման մասին է, որի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնելու համար փաստաբանը 400 հազար դրամ է պահանջում:
Ձայնագրության մեջ Աշոտ Կույումջյանը փորձում է հասկանալ, թե ինչու պետք է վճարի, և Խալափյանը նրան պատասխանում է այսպես. «Վարչական վարույթը հարուցված ա հարցումների հիման վրա, եթե հարցումները չլինեն, վարչական վարույթ չի լինի և դրանից բխող շարունակությունը չի լինի: Եթե մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, ես լրացուցիչ դիմում եմ գրում ու ասում եմ` իմ հարցումներին ընթացք մի տվեք: Այսինքն` շահագրգիռ կողմը ես եմ, մեկ էլ մյուսները, որոնք չեն երևում: Նրանք ընդհանրապես չեն երևալու»:
Խալափյանի այս հայտարարությունից հետո Աշոտ Կույումջյանը երաշխիքներ է պահանջում. «Ես պրյամոյ մարդ եմ, գարանտյա եմ ուզըմ, գարանտյա տաս, որ ասենք համ ինձ 400 հազար ակտ չեն գրելու, հետո ես որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու: Հո ես քեզ ստորագրությամբ փող չեմ տալու»:
Խալափյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կույումջյանի արարքը` առանց իմացության ձայնագրելն ու հրապարակելը անօրինական է և անհետևանք չի մնա: Ավելին, ըստ փաստաբանի, հրապարակված ձայնագրությունը նաև մոնտաժված է:
«Պարզապես իրավական տարրական գիտելիքներ ունեցող մարդը, այն, ինչ ներկայացվել է, ընդ որում մոնտաժված տարբերակով, եթե նայի կհասկանա, որ դա այն չէ, ինչ փորձում են ներկայացնել: Առայժմ այսքանը»,- փոխանցեց փաստաբանը:
Թեմային առնչվող հրապարակում`
«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները