Աշոտյանը` Մանուկյանին. Որպես կուսակցական, թե որպես քաղաքացի ես ինչ կանեմ, դա իմ անձնական գործն է
«Չեմ կարող Ձեզ չպատասխանել, որովհետև եթե չպատասխանեմ այստեղ, ապա Facebook-ում կգրեմ»,-ԱԺ-ում ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի քննադատությանը, թե ԿԳ նախարարի գործը կրթությունն է և ոչ թե հայրենի կուսակցության շահերն ու տեսակետները խորհրդարանում, առավել ևս Facebook սոցիալական ցանցում արտահայտելը:
Ըստ Ա.Մանուկյանի` դրանից կրթությունն է տուժում, ինչը չի կարող իրեն չանհանգստացնել:
«Իրականում Դուք եք հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, ու հանրապետականացնում եք իմ ելույթները, գործունեությունս` ամեն ինչը: Նաև այնպես անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` կրթության խնդիրները թերևս այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց և պետք չէ մեղադրել, որ ինքը դա անում է. « Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, և հենց Դուք եք ինձ դրդում հանդես գալ քաղաքական մեկնաբանություններով»,- նշեց նա:
Անդրադառնալով սոցիալական ցանցում իր ակտիվությանը, Ա.Աշոտյանն ասաց, որ ժամը վեցից հետո իրավունք ունի զբաղվել ինչով ցանկանում է և բացառապես իր անձնական գործն է շաբաթ- կիրակի ինչով կզբաղվի. «Որպես կուսակցական, թե որպես քաղաքացի ես ինչ կանեմ, դա իմ անձնական գործն է: Մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը»:
Ընդդիմադիր պատգամավորն էլ արձագանքեց. «Պարոն Աշոտյան, Դուք ինձ բացարձակ չեք խանգարում, բայց կարող եք խանգարել կրթության համակարգին»:
Ապա նաև հավելեց` կառավարության բոլոր նախարարներն իրար հետ միասին այդքան ՀՀԿ-ական չեն, որքան ինքը` Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ այս «բարյացկամ» երկխոսությունը ծավալվեց «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին