Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է
Մայր Աթոռի նորաստեղ Եկեղեցական Հայեցակարգային գրասենյակի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց գիտաժողով, որը միտված է Կրթության, գիտության և մշակույթի ոլորտների վերաբերյալ Եկեղեցու հայեցակարգային հիմնադրույթները պատրաստելուն:
Բացման խոսքում Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նկատեց, որ այս ոլորտները մեծ դեր են գրավել Հայ Եկեղեցու առաքելության մեջ:
«Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է, որը որպես մեր եկեղեցու սրբագործված սկզբունք իր խորքային դրսևորումն է գտել Աստվածաշնչյան հայերեն առաջին իսկ նախադասության թարգմանությամբ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Հայ Եկեղեցին քաջալերել և ողջունել է գիտության զարգացումն ու առաջընթացը՝ կյանքի նույնիսկ ամենադժնի պայմաններում և ամենայն զգուշությամբ, խնամքով և պատասխանատվությամբ ստեղծել, կրել և զարգացրել է մեր մշակույթը, այսպիսով նպաստելով մեր ինքնության կերտմանը»,- ասաց Բագրատ սրբազանը:
Նրա բնորոշմամբ, այսօրվա փոփոխվող աշխարհի և նրա առաջադրած մարտահրավերների պայմաններում վերստին կարիքը կա ձևավորված և համակարգված կերպով, նոր ժամանակների լույսի ներքո հանրությանը ներկայացնել Հայ Եկեղեցու վերաբերմունքն ու մտածողությունը այս շատ կարևոր և սկզբունքային ոլորտների վերաբերյալ:
Նա հիշեցրեց նաև Վեհափառ Հայրապետի պատգամը՝ արտասանված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10րդ համագումարում. «Մենք պետք է ներկա գտնվենք կրթության բոլոր հարթակներում, իրազեկ լինենք մարդկային հարցադրումների մեծ դաշտում: Մենք պետք է ուղղորդենք գիտության բոլոր ձեռքբերումները` հատկապես բարձր տեխնոլոգիաների, դեպի մարդու բարօրություն, ինչը կբարձրացնի և կհարստացնի մարդային կյանքը և ոչ թե կվնասի, կամ կքանդի այն»:
Հայոց Հայրապետի օրհնությամբ Հայեցակարգային գրասենյակի կյանքի կոչման նպատակն է ուսումնասիրել, քննել, զարգացնել, կազմել և ներկայացնել ներկա ժամանակի պայմանների և մարտահրավերների առաջադրած հարցերի և խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը՝ հիմնված Սուրբ Գրքի, Սրբազան Ավանդության, ծիսական/խորհրդական կյանքի, կանոնական դրույթների, հովվական խնամքի բազմամյա փորձառության և իմաստության վրա:
Նախորդիվ
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար