Կառավարման բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան. Հովհաննես Մանուկյան
Կառավարման բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան: Կան մոդելներ, որոնք բալանսավորված են և հարմարեցված տվյալ երկրի համար: Այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված հայեցակարգի նախագծում կառավարման համակարգի մասին հարցին:
Նա դժվարացավ ամբողջական գնահատական տալ հայեցակարգի նախագծի մասին` նշելով, որ նոր-նոր է սկսել ներգրավել քննարկումներում: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին, ընդհանրապես, նախարարն ասաց, որ դրանք վերաբերելու են երկրի առաջիկա տարիների զարգացմանը:
«Իհարկե, հետաքրքրական է կառավարման մոդելի հարցը, բայց ես ավելի շատ հակված եմ այն քննարկել իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի շրջանակում», -հավելեց Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության հաճախակի փոփոխելուն, ապա ըստ նախարարի դա խնդիր չէ, քանի որ Սահմանադրությունը ևս ապրող մեխանիզմ է. հասարակությունները զարգանում են, իսկ դրան զուգահեռ զարգանում է երկրի Մայր օրենքը: Կարևորը, նրա խոսքով, իրավասություններն ու լիազորությունները ճիշտ հավասարակշռելն է:
«Եթե այդ բալանսը ճիշտ է ընտրված, ապա տվյալ երկրում կարող է ճիշտ գործել թե' նախագահական համակարգը, թե' խորհրդարանական համակարգը»,- հավելեց Հովհաննես Մանուկյանը:
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի մոդելը: Նախագիծը դեռ քննարկման փուլում է և ինչպես ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն էր ասել, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2016 թվականից ոչ շուտ: