Հայաստանում 1730 ՄԻԱՎ վարակով հիվանդներից 897-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ
ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում, որն այս տարի նշվում էր մայիսի 18-ին, «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը» մի շարք այլ տեղական հասարակական կազմակերպությունների և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ այսօր անցկացրել է հանրային միջոցառում: Միջոցառումն իրականացվել է «Օգնի՜ր հետազոտվել և ապրել» և «21-րդ դարում մարդիկ չպետք է մահանան ՁԻԱՀ-ից» խորագրերի ներքո:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ միջոցառման նպատակն է հանրությանը տեղեկացնել մեր երկրում ՄԻԱՎ համաճարակի արդյունքում առաջացած խնդիրների մասին, և թե ինչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, որպեսզի մարդիկ չմահանան ՁԻԱՀ-ից:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, 1988թ. մինչև 2014թ. ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1206 մարդ (70%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 524 դեպք (30%): ՄԻԱՎ վարակի 36 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 54%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%): Սրանցից բացի,արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակիփոխանցման դեպքեր:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.
Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 61,0%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 30,0%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 2,3%
Մորից երեխային 1,9%
Արյան միջոցով 0,2%
Անհայտ 4,6%
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 897-ի մոտ (կին` 234, երեխա` 20) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 143-ի մոտ՝ 2013թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 371 դեպք: Մահացածների թվում կա 65 կին և 7 երեխա: