Միյատովիչ. Հաշիմլիի երկարատև ազատազրկումը ապացուցում է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության միջավայրի վատթարացումը
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Ադրբեջանում լրագրողների հետապնդումները շարունակում են արժեզրկել ԶԼՄ-ների ազատ միջավայրի առկայությունը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Միյատովիչն իր վրդովմունքն է արտահայտել «Բիզիմ յոլ» ադրբեջանական անկախ թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլիի երկարատև ազատազրկման վերաբերյալ և նշել, որ այս ամենը կրկին ապացուցում է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության միջավայրի վատթարացումը:
«Ցնցված եմ այսօրվա դատարանի որոշմամբ: Ես կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել լրատվամիջոցների անդամներին բանտարկել լռեցնելու համար: Ադրբեջանում այժմ լրատվամիջոցների ավելի քան 10 ներկայացուցիչներ գտնվում են ազատազրկման մեջ, որն իմ գրասենյակի ստեղծումից ի վեր ամենաբարձր թիվն է այդ երկրում: Այս մտահոգիչ միտումը խոչընդոտում է հետաքննողական լրագրությանը և նպաստում սպառնալիքի ու ահաբեկման մթնոլորտի զարգացմանը»,-նշել է վերջինս:
Միյատովիչը նաև անդրադարձել է շարունակական կտտանքների ենթարկվող Ազատություն ռ/կ-ի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեպքին` հավելելով մայիսի 14-ին Ադրբեջանում ֆրանսիացի երկու լրագրողների ձերբակալությունների մասին:
Ձերբակալված լրագրողները Բաքվում էին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Ֆրանսիայի նախագահի մեկնելուց հետո լրագրողները որոշել են 2 օր մնալ Բաքվում ու մի քանի ռեպորտաժներ պատրաստել: Սակայն նրանց օդանավակայանում ձերբակալել են, և իրավապահ մարմինների աշխատակիցները վերցրել են բոլոր ձայնագրություններն ու սարքավորումները, ապա բռնի կերպով արտաքսել երկրից:
Նշենք, որ «Բիզիմ յոլ» ադրբեջանական անկախ թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլիին անօրինական զենք պահելու մեղադրանքով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Հաշիմլին դատարանում իր վերջին խոսքն ասելիս, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներին անվանել է իրական հանցագործներ:
Նախորդող հրապարակում`
Ադրբեջան. Լրագրող Փարվիզ Հաշիմլին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման