Տավուշի նորանշանակ մարզպետին ներկայացրել են մարզպետարանի աշխատակազմին
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին, տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, փոխվարչապետը երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ նա ունի թե օրենսդիր մարմնում, թե պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, երկար տարիներ աշխատում է մարզում և քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
Փոխվարչապետը կարևորել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ կատարումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: