«Կուտակայինի» մասին օրենքում կատարված փոփոխությունը Թևան Պողոսյանը կիսատ քայլ է համարում (տեսանյութ)
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ողջունում է, բայց միևնույն ժամանակ ցավալի է համարում այն, որ պարտադիր կուտակայինը չվճարելու համար աշխատողը պետք է պարտադիր դիմում գրի, որ գումար չպահվի:
«Իրականում, սակայն, ամեն ինչ պիտի լինի հակառակը: Կառավարությունը հետին միտք ունի, քանի որ մարդիկ կամ կհոգնեն դիմում գրելուց, կամ նրանց թույլ չեն տա այսպես անել, ու դեկտեմբերին կառավարությունը հանգիստ կասի, թե տեսեք, բնակչության մեծ հատվածը կողմ է կուտակայինին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատգամավորը:
Ընդդիմադիր խմբակցության անդամի համար անհասկանալի է դիմում գրելու և հրաժարվելու տրամաբանությունը, եթե կարելի էր անել հակառակը: Հետևաբար, պատգամավորի խոսքով, կառավարությունը կիսատ լուծումներ է տալիս այս խնդրին:
«Եթե որոշում ենք խնդրին լուծում տալ, եկեք կիսատ լուծումներով չանենք դա, նման լուծումները երբևէ դեպի դրականը չեն տանելու: Պետք է նստենք քննարկենք, պետք չի ունենալ մեկ սցենար: Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց դա է եղել: Երևի կառավարությունում մտածել են, որ մարդիկ կհոգնեն դիմում գրելուց, շատ մարդիկ ակտիվություն չեն ցուցաբերի, և կլինի նրանց ուզածը: Այս ամենն արվեց, որպեսզի քաղաքացիական շարժումը թուլանա»,-հայտարարեց նա` ընդգծելով, որ հին համակարգը չի կարող մնալ, քանի որ այն չի կարող լուծել ապագայի խնդիրները:
Նշենք, որ փոփոխված օրենքով, մասնավորապես, նախատեսվում է, որ գործատուն վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում: Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ:
Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածը:
Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: