Թվիթերի արգելափակման շուրջ կրքերը Ռուսաստանում
Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) հնարավոր է մոտ ապագայում արգելափակի Twitter սոցցանցը: Այս մասին հայտարարել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովը` «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Կսենզովը հայտնել է, որ արգելափակման հիմնական պատճառը այն է, որ համացանցային ռեսուրսի ղեկավարությունը հրաժարվում է կատարել պաշտոնյաների պահանջները և չի հեռացնում «անօրինական» գրառումները:
Պաշտոնյայի կարծիքով Twitter-ը լուրջ սոցիալական սպառնալիք է հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիների համար:
Կսենզովի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում: Բավականին կոշտ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր կարծում եմ, որ օրենսդրությունը պետք է հետևի և սոցցանցերին և օգտատերերին: Սակայն առանձին պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են ոլորտի զարգացման համար, պետք է երբեմն միացնեն ուղեղները և հարցազրույցի ընթացքում չնշեն, որ սոցցանցերը փակվելու են»- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեդվեդևը:
Մեդվեդևի հայտարարությունից հետո չի ուշացել Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալի պատասխան բացատրությունը:
«Ոչ մեկ չի հայտարարել սոցցանցերի փակման մասին, խոսքը մասնավորապես վերաբերվում էր Twitter-ին, որի ղեկավարությունը չի կատարում մեր պահանջները և չի հեռացնում ծայրահեղական գրառումները»- մեկնաբանել է Կսենզովը:
Նշենք, որ այս տարի մարտ ամսին Twitter-ը ամբողջովին արգելափակվել է Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան