ՔԿ վարչության աշխատակիցները ինձ դրդում են ինքնասպանության. Ոտքերը մեխած դատապարտյալի նամակը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 31-ամյա Արթուր Գագիկի Սմբատյանը նամակ է ուղարկել Panorama.am-ի խմբագրություն, որով տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության աշխատակիցները իրեն դրդում են ինքնասպանության:
«Ես խնդրում եմ ձեր կայքով հրապարակել, որ ինձ ՔԿ վարչության աշխատակիցները դրդում են, որ ես ինքնասպան լինեմ, այդ իսկ պատճառով ես մեխել եմ ոտքերս: Խաբեցին հասցրեցին Դատապարտյալների հիվանդանոց ուղղակի հանեցին ոտքերիս մեխը և նույն վիճակով տեղափոխեցին «Վանաձոր» ՔԿՀ: «Վանաձոր» ՔԿՀ-ում էլ ես երեք անգամ կախվելու միջոցով փորձել եմ ինքնասպան լինել, բայց ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են: Իմ այս բոլոր քայլերին դրդում են: Ես այդ բոլորն անում եմ, որպեսզի իմ պահանջը կատարեն և ինձ տեղափոխեն իմ ընտանիքիս ապրելու վայրին մոտ որևէ ՔԿՀ, քանի որ ընտանեկան վիճակս ծայրահեղ ծանր է և ընտանիքիս անդամները չեն կարողանում այցելել Վանաձոր», -գրել է դատապարտյալ Սմբատյանը:
Վերջինը դեռ 2006 թվականին 2 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել է գողություն կատարելու համար: Սակայն հետո, անազատության մեջ գտնվելով դարձյալ մեղադրվել է 268 դրվագով գողություն կատարելու համար ու դատապարտվել ևս 8 տարի ազատազրկման:
Նրա կինը` Աննա Մանուկյանը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց համար տարօրինակ էր այդ մեղադրանքը. «Ինչպես կարող էր ամուսինս 80 օր շարունակ առանց ՔԿՀ հսկիչների թույլտվության դուրս գալ, գողություն անել և վերադառնալ ՔԿՀ: Նա մինչև վերջ էլ չընդունեց մեղադրանքը, բայց դատապարտեցին», -հավելեց կինը:
Նրա խոսքով, սկզբում Արթուր Սմբատյանը պատիժը կրում էր «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ գնալը սոցիալապես անապահով ընտանիքի համար համեմատաբար հեշտ է եղել: Սակայն «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո Արթուրի հիվանդ ծնողները դժվարանում են այցելել նրան:
«Ես գրել եմ ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, ՀՀ արդարադատության նախարարին, որ ինձ մոտ ուղարկեն համապատասխան մարդկանց, ընդունելություն կատարեն քանի որ ես ուզում եմ հրաժարվել ներկայիս կրոնից և ընդունել մուսուլմանական կրոնը: Այս բոլոր քայլերին ինձ դրդում են»,-գրել է դատապարտյալը:
Նամակը Արթուր Սմբատյանը Panorama.am-ին գրել է մայիսի 7-ին, և խմբագրությունը այն ստացել է մայիսի 16-ի երեկոյան: Սակայն դատապարտյալի կինը մեզ տեղեկացրեց, որ այժմ ամուսինը բուժում է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, քանի որ նրա ոտքերը մեխելուց հետո թարախակալվել էին ու բարդություններ առաջացել: Կինն ասաց, թե ամուսինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և իր նկատմամբ անարդարությունների պատճառով շատ է դիմել ինքնասպանության և ինքնավնասման:
«Երեխեքին չեմ կարում տանեմ մոտը, թե չէ որ տեսնեն ինչ վիճակում է, կվախենան. Դեմքը կտրտած, վնասած, ձեռքերը ամեն տեղը, մի հարթ տեղ չի մնացել», -մեզ հետ զրույցում ասաց Աննա Մանուկյանը:
Արթուր Սմբատյանը երկու անչափահաս երեխաների հայր է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները