Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածման պատճառներից մեկը միգրացիան է
Յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա 3-րդ կիրակի օրը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը ներկայացնելով Հայաստանում առկա իրավիճակը, նշեց, որ վերջին տարիներին հատկապես մեծացել է միգրացիայի գործոնի ազդեցությունը Հայաստանում արձանագրվող ՄԻԱՎ վարակի դեպքերի ընդհանուր թվի վրա:
Նշենք, որ ըստ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած տվյալների` 1988թ. մինչև 2014թ. ապրիլի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Ինչ վերաբերում է ՄԻԱՎ վարակից մահվան դեպքերին, ապա այս տարվա 4 ամիսների ընթացքում գրանցվել է 11 մահ, իսկ 1988-ից մինչ օրս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից գրանցվել է մահացության 351 դեպք:
Դեպքերի կեսից ավելին, Ժ.Պետրոսյանի խոսքերով, արձանագրվել է վերջին 5 տարիների ընթացքում: Հիվանդացության դեպքերի գրանցման աճը պայմանավորված է հետազոտությունների թվի ավելացմամբ, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճով, որի ընթացքում տղամարդիկ վարակվում են և ՄԻԱՎ վարակը իրենց հետ Հայաստան բերելով՝ վարակելով նաև իրենց զուգընկերներին:
Նշվեց նաև, որ եթե մինչև 2005թ-ն ՄԻԱՎ-ի փոխանցման գերակշռող միջոցը համարվում էին թմրամիջոցները, ապա վերջին տարիներին ավելացել է հետերոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցումները, որն այսօր կազմում է ամբողջ դեպքերի փոխանցման 60%-ը, իսկ թմրամիջոցներով փոխանցման դեպքերը` 30%:
Նրա խոսքերով՝ հաճախ մարդիկ վախենում են հետազոտվել` մտածելով, որ այդ մասին կարող է հայտնի դառնա շրջապատում և վերաբերմունքի փոփոխություն լինի իր նկատմամբ: Մինչդեռ, մարդիկ նաև տեղեկացված չեն, որ գոյություն ունի բուժում և կարծում են, թե ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է:
«Այսօր այդ բուժումը կա, հասանելի է, անվճար է»,- ասաց Ժ. Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա