NCWA-ն հավատում է, որ Թուրքիայի իշխանությունները պահպանողական երկխոսություն կսկսեն հայերի հետ
Արևմտահայերի ազգային համագումարը (NCWA) հայտարարություն է տարածել Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արևմտահայերի ազգային համագումարի պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Արևմտահայերի ազգային համագումարը Էրդողանի հայտարարությունը համարում է առաջին քայլ, ինչպես չինացի փիլիսոփա Լաո Ցզին էր ասում՝ «Հազարավոր մղոնների ճամփորդությունը սկսվում է առաջին քայլից»:
Էրդողանի քայլը, բնականաբար, չի կարող բավարարել արևմտահայերի ակնկալիքները, ովքեր նախկին Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության ժառանգորդներ են, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ այս հայտարարությունից հետո, Թուրքիայի իշխանությունները երկխոսություն կսկսեն մեր ներկայացուցիչների հետ:
Այս առումով, մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանությունները, ի պատասխան երկրի ժողովրդավարացման համար քաղաքացիական հասարակության պայքարի, նոր և շոշափելի քայլեր կիրականացնեն: Դրանցից մեկը պետք լինի Թուրքիայի Սահմանադրության հոդված 66-ի վերանայումը (Հոդված 66՝ Թուրք է յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի քաղաքացիություն ունի), ինչպես նաև քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածի վերացումն ու Հայաստանի հետ առանց նախապայմանների սահմանի վերաբացումը:
Արևմտահայերի ազգային համագումարը հավատում է, որ Եվրամիությանն անդամակցելու համատեքստում Թուրքիան կիրականացնի ժողովրդավարական գործընթացներ, որով էլ կսկսվի արևմտահայերի շահերի և նրանց իրավունքների վերականգնման համափարփակ ճանաչումը»: