ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Ադրբեջանի բացատրությունները համոզիչ չեն
Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների հանդեպ ճնշումները շարունակվում են: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բերի հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կայքում:
«Մենք ուշադիր կերպով հետևում էինք, թե ինչ արձագանք կլինի Ադրբեջանից Եվրամիության կողմից հնչեցրած մտահոգությանը՝ ուղղված քաղաքացիական ակտիվիստների հանդեպ իրականացվող ձերբակալություններին, հետաքննություններին և դատավճիռներին: Պետք է խոստովանենք, որ Ադրբեջանի բացատրությունները համոզիչ չէին: Ցավոք, Ադրբեջանի ներկայացրած բացատրությունները հղում էին կատարում այն նույն քաղաքականությանը, օրենքներին և իրավական ընթացակարգերին, որոնք և մտահոգության տեղիք են տվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Բերը նաև հիշեցնում է ԵԱՀԿ մամուլի ազատության հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի վերջերս կատարած հայտարարությունը, որտեղ վերջինս նույնպես խոսում է Ադրբեջանում լրագրողների հանդեպ իրականացվող հետապնդումների մասին:
Դեսպանը նշում է, որ նա մտահոգված էադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությամբ, ով մեղադրվում է պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Բացի այդ, ԱՄՆ-ն մտահոգված է ապրիլի 28-ին «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի դեմ սկսված հետաքննությամբ: Այս մարդկանց հանդեպ հետապնդումները պայմանավորված են «ժողովրդական դիվանագիտության» մեջ նրանց ընդգրկվածությամբ, որի նպատակն է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը:
«Ադրբեջանի կառավարության գործողությունները կխանգարեն հայերի և ադրբեջանցիների միջև հաստատվող ցանկացած շփմանը: ԱՄՆ-ն կոչ է անում երկու երկրների կառավարություններին աջակցել «ժողովրդական դիվանագիտության» բոլոր նախաձեռնություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Դենիել Բերը նաև իր հիասթափությունն է հայտնում Ադրբեջանում «NIDA» երիտասարդական շարժման ութ անդամների հանդեպ իրականացված դատավճռով՝ նշելով, որ մեղադրանքները ունեին քաղաքական դրդապատճառներ:
«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը գործել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների համաձայն, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: ԱՄՆ-ն աջակցում է «ժողովրդական դիվանագիտության» նախաձեռնություններին, ինչպես նաև խոսքի ազատության, միավորումներ կազմելու և խաղաղ հավաքների իրավունքին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վարվել նույն կերպ»,- եզրափակում է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին