«ԱՐՏ ՖԵՍՏ». Երիտասարդ ստեղծագործողների համար ինքնաարտահայտվելու ևս մեկ հարթակ
Շարունակվում է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը, որը «Մեկ տանիքի ներքո» համախմբել է թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի ներկայացուցիչների:
«Մեծ ոգևորվածությամբ ողջունում եմ այն փաստը, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում ինձ ու իմ հասակակիցներին ինքնաարտահայտվելու և ներկայանալու որպես անհատ արվեստագետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց 21-ամյա բեմադրիչ Կարո Նաղդալյանը:
Փառատոնում ներկայացված է նրա բեմադրած «Սեր, Ջազ, Սատանա» ներկայացումը. «Դերասանները, բեմանկարիչը, պարուսույցը բոլորը երիտասարդ են, և հենց այս ստեղծագործական խմբի համալիր աշխատանքի միջոցով եմ ցանկացել տեղ հասցնել ասելիքս. ևս մեկ անգամ շեշտադրել հայր և որդի փոխհարաբերությունները, որը պետք է կառուցված լինի փոխադարձ ջերմության և ընկերական մտերմիկ շփման վրա»:
Բեմադրիչ Սերյոժա Ամիրխանյանը, ով ներկայացնում է Աբովյանի Երիտասարդական թատրոնը, ասաց, որ շատ է կարևորում մասնակցությունը տեղական և միջազգային փառատոններին, արդեն իրենց թատրոնը հասցրել է երկու անգամ այլ փառատոնների մասնակցել ու պատվով ներկայացրել իրենց քաղաքը:
««Արտ Ֆեստ» փառատոնը կարևոր ստուգատես է մեր անձնակազմի համար ու շատ ենք կարևորում մեր մասնակցությունը: Հանդես ենք եկել Անահիտ Մութաֆյանի «Թիթեռի օրը» պիեսի համանուն բեմադրությամբ: Երիտասարդ բեմադրիչի ու երիտասարդ անձնակազմ ունեցող մեր նորաստեղծ թատրոնի համար մեծ պատիվ է Աննա Հեքեքյանի, Գարեգին Գրիգորյանի, Ռաֆայել Քոթանջյանի նման մարդկանց այցը մեզ մոտ: Ինչպես նաև կարևոր է փառատոնի մասնագիտական հանձնախմբի մյուս անդամների հետ շփումը: Շատ եմ կարևորում հատկապես մեզ ուղղված նրանց մասնագիտական խորհուրդները»,- մեզ հետ զրույցում ասաց Սերյոժա Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ» փառատոնը մեկնարկել է մայիսի 10-ին ու կշարունակվի մինչև մայիսի 22-ը:
Նախորդող հրապարակումներ՝
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մեկնարկելու է մայիսի 10-ին
«ԱՐՏ-ՖԵՍՏ»-ն անցկացվելու է երկրորդ անգամ. «Դա և տոն է, և հաշվետվություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները