Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` դպրոցներում աղանդների թափանցման դեմ քայլերի մասին
Դպրոցներում աղանդների թափանցման, աղանդների հետևորդ ուսուցիչների առկայության մասին ահազանգերը վերջին շրջանում շատացել են: Դրա դեմ պայքարին ուղղված անհրաժեշտ քայերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ:
Նրա բնորոշմամբ, դպրոցներում, երբ բարեփոխումներ են իրականացնում, պետք է ուշադրություն դարձնեն ուսուցիչների ընտրությանը, նրանց հոգևոր նկարագրին, պատրաստվածությանը, որպեսզի այդ համակարգում իրական նվիրյալներ լինեն:
«Նվիրական և բարդ գործ է: Նախ պետք է հզորացնել ուսուցիչներին, նաև պետք է համարձակ լինել ու եկեղեցուն լայն հնարավորություններ տալ: Այսօր հնարավորությունները կան, որպես դիտորդ կարող եմ ասել, որ աշխատանք կատարվել է քրիստոնեական դաստիարակության առումով: Փորձ է արվում եկեղեցի-դպրոց կապն ավելի ակտիվացնել: Դա պետք է ավելի ինտենսիվ լինի»,- ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Ըստ նրա, կատարվածն այս փուլի համար բավարար է, բայց պետք է տեսնել` ավելին ինչ կարելի է անել. «Աշխատանք ունեն անելու թե եկեղեցին, թե դպրոցը»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն կարծում է, որ աղանդների դպրոց թափանցելու դեմ ևս պետք է քայլեր լինեն, որպեսզի բացառվեն այդ դեպքերը:
«Մարդկանց մի կողմից չես կարող դիսկրիմինացիայի ենթարկել իրենց համոզումների համար, մյուս կողմից էլ պիտի իմանաս, որ աղանդավորություն է, ժամանակակից իրականությանը բնորոշ երևույթ է, իր հետ մեր ավանդական արժեքներին ոչ հարիր նոր արժեքներ է բերում: Այդ գաղափարները տարածող ուսուցիչների հետ պետք է հատուկ աշխատվի` բացառելու երեխաների հետ նրանց շփումը մասնագիտական թեմաներից դուրս այլ թեմաների շուրջ: Ինչու չէ, պետք է համարձակ գտնվել, բացառել նման ուսուցիչների ներգրավումը դպրոցներում»,- եզրափակեց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 16-17-ն անցկացվեց «Հայ Եկեղեցին ու Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողովը:
Նյութեր թեմայով`
Կարեն Նազարյան. Եկեղեցին իր խոսքն ունի ասելու և պետք է հայեցակարգ մշակվի
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
Հոգեբան. Հոգևորականների հետ շփումները կարող են շրջադարձային լինել երեխաների համար
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները