Այն 6 կետերը, որոնք ես ներկայացրել եմ, դրանք նոր բան չեն. Ուորլիք
«Մեր այցելության հիմնական շեշտը դրված է տարբեր շրջանների հետ ծանոթանալու, ինչպես նաև մարդկանց հետ շփվելու վրա»,- Արցախի նախագահի հետ մեկ և կես ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է Aparaj.am-ը:
Ըստ Իգոր Պոպովի համանախագահները պատրաստվում են հանդիպել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ սահմանում առկա իրավիճակը քննարկելու համար:
Համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Ըստ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, Բերձոր կատարած այցի ժամանակ անակնկալի են եկել. «Մենք հարգում ենք բնակչության իրավունքը, ովքեր խաղաղ ձևով ներկայացնում են իրենց իրավունքները: Ինձ համար անակնկալ էր երեկվա բողոքի ակցիան, այնուամենայնիվ, ես մեքենայից դուրս եկա և շատ օգտակար զրույց ունեցա բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ շատ օգտակար է իմանալ տարբեր կարծիքներ այս տեսանկյունից, լինելով Ղարաբաղում, ես իսկապես ծանոթացա տարբեր կարծիքների հետ և կարծում եմ, այն օգտակար կլինի»:
Ըստ Ուորլիքի արդեն երկու տասնամյակ է՝ ինչ նախկին և ներկայիս համանախագահներն աշխատում են, որպեսզի գտնեն հակամարտության կարգավորման լուծումը և ամենավատ տարբերակն ամերիկացի համանախագահի գնահատմամբ, կլինի հակամարտության վերսկսումը, սակայն Ուորլիքը գտնում է նաև, որ չնայած կարող է անհամաձայնություն լինի, սակայն եթե բոլորս միասին աշխատենք կկարողանանք ինչ-որ ելք գտնել:
«Լեռնային Ղարաբաղը չափազանց գեղեցիկ երկիր է և ես տպավորված եմ տեսնելով երիտասարդներին և բոլորիս պարտքն է, այնպես անել ամեն ինչ, որ այստեղ լինի խաղաղություն, որպեսզի նոր սերունդը ապրի խաղաղ պայմաններում»,- հավաստիացրել է ամերիկացի համանախագահը:
Նա նաև հավելել է. «Մեր հիմնական նպատակն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում լինի երկարատև խաղաղություն և կայունություն և մարդկանց համար ստեղծենք բարեկեցության պայմաններ»:
Ուորլիքը տեսակետ է հայտնել իր կողմից ներկայացված բանակցային 6 կետերի մասին, որոնց դեմ են արցախցիները. «Այն 6 կետերը, որոնք ես ներկայացրել եմ, դրանք նոր բան չեն և նախկինում էլ դրանց մասին խոսել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները: Իհարկե, սրանք վերջնական տարբերակներ չեն, դեռևս պետք է դրանք քննարկենք, սակայն դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա կարգավորման համար: Խնդիրների թաքցնելը Ճիշտ չէ և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է, որպեսզի իմանա այդ ամենի մասին և հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Կարծում եմ, որ սա անկեղծ երկխոսության հիմքն է»:
Լրատվամիջոցը նշում է, որ մայիսի 17-ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված կետերի դեմ: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական և հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ:
Նախորդող հրապարակում՝
Արցախում համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով ու սուլոցներով