«Պարոն Ջավադյան ջան…». Արծվիկ Մինասյանի մեղմ բարկությունը Ջավադյանի նկատմամբ
Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ջավադյանը Նիկոլ Փաշինյանի հարցերին ի պատասխան հայտարարեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը Հայաստանում շարունակելու է գործել:
«Այն հարցին, թե պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե ոնց ենք իրականացնելու: Առանց այդ բաղադրիչի, այդ օրենքի շարժիչ ուժը կորում է», -հայտարարել էր Ջավադյանը:
Այս պատասխանը սակայն, ակնհայտորեն բարկացրել էր ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, և նա հարցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հարցեր ուղղեց ԿԲ նախագահի թեկնածուին. «Ինչո՞ւ եք կրքերն անընդհատ լարում, ինչո՞ւ եք անընդհատ այս ամբիոնից ասում, որ պարտադիր կուտակայինը գործելու է: Չի կարելի անընդհատ լարվածություն պահել այս ամբիոնում և հասարակության մեջ: Չի կարելի չէ՞ նույն բանը այս ամբիոնից այդքան ասել»:
Նա, վկայակոչելով ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը, հետևաբար պարտադիր բաղադրիչ այլևս չի լինելու:
«Կուտակային պարտադիր բաղադրիչ չի կարող լինել, պարոն Ջավադյան ջան, մի հայտարարեք նման բան: Եթե նման հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառվի նոր օրենքում, պայքարը նոր թափ կստանա: Էս ամբիոնից մի խոսեք էնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը չի մշակվել: Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էդ մասին մի խոսեք »,- զգուշացրեց դաշնակցական պատգամավորը:
Ընդդիմադիրր պատգամավորի խոսքով, վտանգավոր է նման հայտարարություններ անել, քանի որ դա կարող է հասարակական դժգոհության էլ ավելի մեծ ալիք բարձրացնել:
Թեմային առնչվող հրապարակում`
«Կուտակայինի» մասին օրենքը ԿԲ-ն «տյունի՞նգ» է անելու. Փաշինյանի հարցը Ջավադյանին