«Կուտակայինի» մասին օրենքը ԿԲ-ն «տյունի՞նգ» է անելու. Փաշինյանի հարցը Ջավադյանին
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ԿԲ նախագահի նշանակման հարցը, ԱԺ պատգամավոր Նիոլ Փաշինյանը ԿԲ նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե ԿԲ բարձր վարձատրվող իրավաբանները երբևէ իրեն զեկուցե՞լ էին, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում հակասահմանադրական դրույթներ կան:
«Եթե զեկուցել են, ո՞րն է եղել ձեր գործողությունները, եթե չեն զեկուցել, չի՞ նշանակում, որ բարձր աշխատավարձով այնքան էլ լավ իրավաբաններ չեք վարձել»,- հարցը շարունակեց Փաշինյանը:
Մյուս հարցը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԿԲ դիրքորոշմանն էր վերաբերում:
ԿԲ իրավաբանների որակի մասին Ջավադյանը չխոսեց, ուղղակի ասաց, որ վերջին վեց տարիներին ԿԲ-ում աշխատավարձերի բարձրացում չի եղել, ավելին ԿԲ-ն հետ է մնացել բանկային համակարգի աշխատավարձերի բարձրացումից:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, նա ասաց, որ օրենքում կային բացեր, որոնց վրա ուշադրություն հրավիրոլ է Սահմանադրական դատարանը, իսկ ԿԲ-ն կփորձի լրացնել այդ բացը:
«Պետք է այնպես անենք, որ օրենքի դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը: Այն հարցին, թե պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե ոնց ենք իրականացնելու: Առանց այդ բաղադրիչի այդ օրենքի շարժիչ ուժը կորում է»,- հայտարարեց Արթուր Ջավադյանը:
Արձագանքելով ԿԲ նախագահի թեկնածուին, Փաշինյանը նկատեց, որ եթե ԿԲ-ն օրենքի դիզայնն է համապատասխանեցնում ՍԴ որոշմանը, ուրեմն օրենքը «տյունինգ» է անում:
«Ես չասեցի, որ միայն դիզայնն է փոխվում, այլ ասացի, որ օրենքը շատ քիչ է փոխվում»,- պատասխանեց Ջավադյանը:
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Արթուր Ջավադյանի թեկնածությունը ՀՀ նախագահը ներկայացրել է Ազգային խողովի քննարկմանը: ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, հավանաբար, վաղը կկատարի ԿԲ նախագահի ընտրություն, որը կպաշտոնավարի առաջիկա վեց տարիների ընթացքում: