Արդարադատության նախարարը «Նուբարաշեն»-ում հանդիպել է Վարդան Պետրոսյանին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օրերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած շրջայցի ընթացքում հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին:
ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերել են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին:
Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:
Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:
«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:
Ըստ աղբյուրի, Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար: Նա միայն որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշել է, որ Վարդանի երկրպագուներից է և նրան նվիրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները