Կարո Կարապետյանը մանդատից չի հրաժարվի. ԲՀԿ
Մայիսի 17-ին Վերնիսաժի տոնավաճառի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, ով առավել հայտնի է «Յուվեցի Կարո» մականունով, չի հրաժարվի պատգամավորական մանդատից: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայատրարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք` Վերնիսաժում վիճաբանության արդյունքում կրակոցներ արձակած անձը` Գոռ Առաքելյանը, Կարո Կարապետյանի դստեր ամուսինն է: Գոռ Առաքելյանի արձակած կրակոցների հետևանքով 5 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Առաքելյանն այժմ ձերբակալված է:
«Ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարցը քննարկվի: Նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել՝ եթե ինքը կամ իր տղան մասնակից լինեին այդ միջադեպին: Այդ ժամանակ միայն իմաստ կլիներ նման հարց քննարկել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ իրենց կուսակցությունն այն կարծիքին է, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Իսկ մնացածը իրավապահների գործն է», -նկատեց պատգամավորը: