«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել. Փաստաբան
Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին Panorama.am-իթղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան է ինքը ներգրավվել որպես պաշտպան, հասցրել է հանդիպել Առաքելյանի հետ և նրա հետ միասին մասնակցել մի քանի քննչական գործողությունների:
«Այս պահի դրությամբ որևէ բան չեմ կարող ասել` նախաքննության գաղտնիության սկզբունքը հարգելով», -հայտնեց փաստաբանը:
Առաքելյանի ձերբակալման ժամկետը կավարտվի մայիսի 21-ին երեկոյան, որից հետո հայտնի կլինի, թե ինչ որոշում կկայացնի նախաքննական մարմինը` կորոշե՞ն խափանման միջոց կալանքը ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել, թե՞ ոչ:
Գոռ Առաքլյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է` դստեր ամուսինը: Վերջինը Վերնիսաժի տարածքում վեճի էր բռնվել երիտասարդների հետ ու հինգ անգամ կրակոցներ արձակել տարածքում:
Կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 5 քաղաքացիներ, որոնք պատահական անցորդներ էին:
Մեր հարցին, թե արդյոք փաստաբանը քննչական գործողությունների ընթացքում տեսե՞լ է նույն տարածքում վեճի բռնված երիտասարդներին, Սարգսյանն ասաց, որ դեռևս նրանց չի տեսել:
Մյուս հարցին, թե ինչ է կարծում պարոն Սարգսյանը, արդյոք կարելի է այս պահի դրությամբ ասել, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, փաստաբանը պատասխանեց. «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում նման որևէ արտահայտություն անելու: Որոշակի փուլում կոնկրետ մեր դիրքորոշումը կներկայացնենք: Համենայնդեպս, ես պետք է ավելի հստակ պատկերացնեմ ամբողջ իրավիճակը»:
Թեմային առնչվող հրապաարկում`
Ձերբակալվել է Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած պատգամավորական փեսան