«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը, իսկ ՕԵԿ-ում ազատություն է տրված
Հայաստանն այսօր լքում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել ապրելու, գոյատևելու համար իրենց վերցրած վարկերի տոկոսները: Այդ մասին այսօր ԿԲ նախագահի թեկնածության նշանակման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուն փորձեց հիմանավորել, թե ինչու են այդ վարկերի տոկոսները այդքան բարձր, սակայն գոյություն ունի հակադրություն. ՀՀ-ում արձանագրվել է վարկերի 98 տոկոս վերադարձելիություն: Որո՞նք են պատճառները, որոնց համաձայն փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղական տնտեսություններին վարկերը հանձնում են անտրամաբանական բարձր տոկոսներով: Հայաստանում բանկային համակարգը կապված է տնտեսության հետ, և անհասկանալի է, թե ինչպե՞ս կայուն բանկային համակարգ ունեցող երկիրը ունի փլուզվող տնտեսություն»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Այս տրամաբանությամբ, Զոհրաբյանի խոսքով, կարելի է համաձայնել այն տնտեսագետ-վերլուծաբանների հետ, ովքեր ասում են, որ ՀՀ-ում բանկային համակարգը գործում է լոմբարդի փիլիսոփայությամբ:
««Բարգավաճ Հայաստանը» դեմ է նման քաղաքականությունը և մեր խմբակցությունը չի մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը», -հայտարարեց Զոհրաբյանը:
Ոչ իշխանական «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի ԿԲ նախագահի թեկնածուի վերաբերյալ և ասաց, որ իրենց պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Արթուր Ջավադյանի թեկնածությունը ՀՀ նախագահը ներկայացրել է Ազգային խողովի քննարկմանը: ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, հավանաբար, վաղը կկատարի ԿԲ նախագահի ընտրություն, որը կպաշտոնավարի առաջիկա վեց տարիների ընթացքում: