«ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլերն են»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարություններ հնչեցին: Չնայած առիթը զինադադարի կնքման 20-ամյակն էր, սակայն, ըստ իս, դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են: ԼՂ հակամարտությունը մենք չենք կարող պատկերացնել մեկուսի` հաշվի չառնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները: Իսկ փոփոխությունները այստեղ էական են: Եթե 1990-ական թթ., Արևմուտքը և Ռուսաստանը համագործակցում էին, իսկ դրան հաջորդեց որոշակի դիմակայություն, ապա այժմ կարող ենք ասել, որ առկա է ակնհայտ հակամարտություն: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակորեն այդ բաժանարար գիծը դրեցին և մենք` ՄԱԿ-ում մեր քվեարկությամբ, ինչպես նաև ավելի վաղ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությամբ հայտնվեցինք ռուսական ճամբարում»,- ասաց Արա Պապյանը:
Բանախոսը նշեց, որ սկզբնական շրջանում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը «պատճառաբանվում էր Ղարաբաղի հարցով», առ այն, որ Ռուսատանը ունի ճնշման լծակներ և պետք է այնպես անել , «որ ավելի վատ չլինի»:
«Սակայն դրա հետ մեկտեղ մոռացվում էր, որ Արևմուտքը նույնպես ունի իր լծակները և այս հայտարարությունները հենց այս լծակների բանեցման նախաքայլեր են»,- ասաց Արա Պապյանը:
«Եթե մենք ցույց տվեցինք, որը ընդունում ենք ոչ թե համագործակցությունը, այլ ենթարկվում ենք ճշմանը, ապա տրամաբանական էր, որ Արևմուտքը նույնպես պետք է գնար ճնշման: Ես կանխատեսում են ավելի կոշտ մոտեցում Հայաստանի դեմ: Արևմուտքը պետք է ցույց տա, որ Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը և դաշնակիցներին»,- ասաց Արա Պապյանը: