Հայաստանի էներգետիկայի ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորները սկսեցին հարցեր ուղղել վարչապետին, և Ալեքսանդր Արզումանյանը մատնանշեց ծրագրի այն հատվածը, որի համաձայն Հայաստանը ամեն կերպ ձգտելու է անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը:
Այնուհետև վկայակոչելով ՄՄ անդամ երկրների մի քանի չինովնիկների հայտարարություններ, ասաց, որ նրանք ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև մաքսակետ գործելու մասին են խոսում:
«Կարո՞ղ եք դուք հայտարարել, որ եթե որևէ ռեժիմով նման պահանջ առաջ քաշվի Հայաստանի առջև, ապա դուք կհրաժարվեք Մաքսային միությանը անդամակցելու գործընթացից», -հետաքրքրվեց Արզումանյանը:
Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ ընդհանրապես, Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանը այդ առումով ճիշտ ուղու վրա է ու շարունակեց. «Մենք մինչև մայիսի վերջ ունենալու ենք միության անդամ նախագահների հանդիպում և հունիսի 30-ին լինելու է վարչապետերի հանդիպում Մինսկում: Այդ հանդիպումներից հետո հստակեցումներ կունենանք: Գտնում եմ, որ պետք է շարունակել ՄՄ անդամակցությանն ուղղված բանակցությունները, որովհետև դա բխում է մեր տնտեսության շահերից»:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի և Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու մասին տարբեր հայտարարություններին, ապա Հովիկ Աբրահամյանը Ալեքսանդր Արզումանյանին խնդրեց այդ հարցի մասին քիչ խոսել:
«Դուք ունեք դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ և կխնդրեի այդ մասին քիչ խոսել, որովհետև մեր շատ խոսելը խանգարում է մեր ընդհանուր բանակցություններին», -հավելեց վարչապետը:
Արզումանյանի հաջորդ հարցը վերաբերում է կառավարության ծրագրում ընդհանրապես «գազ» բառի բացակայությանը, և նա հետաքրքրվեց, թե արդյոք դա նշանակում է, որ այս ոլորտը ամբողջությամբ տրվել է մեր ստրատեգիական պարտնյորի (նկատի ունի Ռուսաստանի) տնօրինությանը:
«Այս մեկ ամսվա ընթացքում ես հասցրել եմ մի քիչ քննարկումներ կազմակերպել և պարզել, որ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմներ էներգետիկայի ոլորտում: Մեր ծրագիրը հաստատելուց հետո մենք ձեռնամուխ ենք լինելու այդ պրոբլեմների լուծմանը և հստակեցմանը: Պետք է հստակ որոշումներ կայացնենք ոչ ստանդարտ այդ ոլորում», -արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: