Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին Մոսկվան «շրջվում» է դեպի Չինաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի առաջնորդ Սի Ձինպինի հետ այսօր քննարկել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Չինաստանի և ՌԴ-ի առաջնորդների հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն և ստորագրվել են մի քանի տասնյակ համաձայնագրեր:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխում են պատմական նոր՝համապարփակ համագործակցության և ռազմավարական փոխգործակցության փուլ:
Կողմերը պայմանավորվում են խորացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, էներգետիկ, ռազմա-տեխնիկական, հումանիտար, տրանսպորտային և այլն ոլորտներում: Չինաստանը և ՌԴ-ը ձգտելու են երկկողմ ապրանքաշրջառությունը մինչև 2015թ.-ը հասցնել 100 միլիարդ դոլարի, իսկ 2020թ.-ին՝ 200 միլիարդ դոլարի:
Տրանսպորտային համագործակցության ոլորտում համաձայնագիր է ստորագրվել Նիժնելենինսկոե-Տունցյան և Բլագովեշենսկ-Խեյխե ուղղություններով կամուրջներ կառուցելու և չինական ապրանքների անխափան մուտքը ՌԴ-ի Հեռավոր Արևելյան նավահանգիստներ ապահովելու մասին:Չինաստանը և ՌԴ-ը պայմանավորվել են նաև սահմանային Ամուր գետի վրա երկածթգային կամուրջ կառուցել մինչև 2016թ.-ը:
Կամրջի շինարարությունը թույլ կտա կրճատել ՌԴ-ից Չինաստան ապրանքների առաքման ճանապարհը 700 կմ-ով, ինչպես նաև ավելացնել ռուսական ապրանքների առաքման հոսքը դեպի չինական շուկա:
Համատեղ հայտարարության մեջ Չինաստանը և ՌԴ-ը անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին, Աֆղանստանում, Սիրիայում տիրող իրավիճակներին:
Պուտինի այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկկողմ Ներդրումային հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է խրախուսի ուղիղ ներդրումերը: Բացի այդ, ՌԴ-ի «Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի» նախագահ Միխայիլ Պողոսյանը և չինական COMAC ընկերության նախագահ Ցզին Ցզանլունը համաձայնագիր են ստորագրել՝ ուղևորատար նոր ինքնաթիռի կառուցման վերաբերյալ:
Այցի ամենակարևորագույն թեման ռուսական գազի առաքման խնդիրն էր դեպի Չինաստան: Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի այցի ընթացքում ՌԴ-ից դեպի Չինաստան գազի առաքման համաձայնագիր չի կնքվել, սակայն հարցը շարունակվելու է քննարկվել փորձագիտական մակարդակով: Խոսքը գնում է Չինաստանի և ՌԴ-ի միջև 30 տարվա պայմանագրի կնքման մասին, որը թույլ կտա տարեկան 38 միլիարդ խմ ռուսական գազ առաքել Պեկինին: Կողմերը չեն կարողացել վերջնական պայմանավորվածության հասնել գազի գնի հետ կապված:
Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները՝ Ղրիմի հանրաքվեի և թերակղզու ՌԴ-ին միանալու, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով շարունակում են լարված մնալ: ԱՄՆ-ը և ԵՄ-ը տնտեսական մի շարք պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի նկատմամբ, իսկ ռուսաստանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հայտնվել են եվրոպական և ամերիկյան «սև ցուցակներում»: Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունների լարվածությանը հետևեց ռուսական դիվանագիտության ակտիվությունը արևելյան՝չինական ուղղությամբ:
Պուտինի այսօրվա այցին նախորդել էին Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այցը Պեկին: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Չինաստանի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ: ՌԴ-ի փոխվարչապետի հետ Չինաստան են ժամանել ռուսական ամենախոշոր ընկերությունների՝«Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «ՆՕՎԱՏԷԿ»-ի, «Ռուսալի» պատվիրակությունները:
Ա.Դվորկովիչը նշել էր, որ չինական կողմի հետ քննարկվել է Ռուսաստանից արևելյան ուղղությամբ դեպի Չինաստան գազի առաքման հարցերը, իսկ «Ռոսնեֆտը» նպատակ ունի ավելացնել Չինաստան ծովային ճանապարհով առաքվող նավթի ծավալները մի քանի միլիոն տոննայով:
Ռուսական պատվիրակության կազմում Չինաստան ժամանած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը հանդիպել է չինական CNPC ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չժոու Ցզիպինի հետ և կողմերը առաջընթաց են գրանցել Չինաստան ռուսական գազի արտահանման բանակցություններում:
Դվորկովիչի այցին հաջորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Պեկին, ով նախապատրաստում էր նախագահ Պուտինի մայիսյան այցը Չինաստան:
Արտգործնախարար Լավրովը իր այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի հետ:
Չինաստանի առաջնորդի հետ զրույցում Լավրովը նշել էր, որ ՌԴ-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը և կապերը Չինաստանի հետ և հույս է հայտնել, որ մայիսին նախագահ Պուտինի պաշտոնական այցի ընթացքում ռուս-չինական ռազմավարական կապերը էլ ավելի կընդլայնվեն:
Այսօր ՌԴ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը ժամանել են Չինաստան, որպեսզի մասնակցեն ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2014» ռազմածովային զորավարժություններին:
Զորավարժություններին հետևելու է նաև Չինաստանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ-ը 2013թ.-ին ընդունված նոր «Արտաքին քաղաքական ռազմավարությունում» կարևոր տեղ է հատկացվում Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների կառուցմանը: Ռազմավարության մեջ նշված է, որ ՌԴ-ը շարունակելու է ռազմավարական, փոխվստահելի հարաբերությունների կառուցումը Պեկինի հետ:
Մոսկվան պատրաստ է համագործակցել Պեկինի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, G20-ի, Շանհայի համագործկացության կազմակերպության շրջանակներում:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Պուտինի այցը Չինաստան ռուս-չինական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները