Հայաստանում հնարավոր է արգելվի մինչև 30 շաբաթական ժամկետը իմանալ երեխայի սեռը
Հայաստանում հնարավոր է մի այնպիսի իրավիճակ, որ մինչև պտղի երեսուն շաբաթական դառնալն արգելվի բուժհիմնարկներին ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում մեկնարկած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Այդ արգելքը սահմանվելու է օրենքի նախագծով, որի շուրջ առայժմ քննարկումներ են ընթանում և այն դեռ շրջանառության մեջ չի դրվել:
«Մեր գործընկերների հետ միասին կքննարկենք և նոր միայն օրինագծի տեսքով կներկայացնենք կառավարություն»,- հայտարարեց Բաբլոյանը:
Բազմիցս է նշվել, որ Հայաստանում պտղով պայմանավորված աբորտները համատարած են. մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Հետազոտությունները փաստում են, որ եթե սելեկտիվ աբորտների ներկայիս տեմպերը Հայաստանում շարունակվեն, ապա 20 տարի անց 28000 պոտենցիալ մայրեր ուղղակի չեն լինի, ինչը ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ կառող է առաջացնել։
Քննարկմանը ներկա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված ծնունդը խիստ անհանգստացնող է, քանզի այն կարող է վատ հետևանքներ ունենալ:
«Պահանջվեց մի քանի տարի, որ ինքներս գանք այն գաղափարին, որ շատ ավելի կարևոր բան կա, քան մեր սովորույթն է: Այս կերպ մենք վերացնում ենք մայրական բազան»,- հայտարարեց մասնագետը` նկատելով, որ Հայաստանում արդեն հիվանդագին կերպով են նախապատվություն տալիս տղա երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները