Հայաստանում ջրծաղիկի սեզոնային բարձրացում է նկատվում. համաճարակաբան
Հայաստանում ջրծաղիկի սեզոնային բարձրացում է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-համաճարակաբան Կարինե Քոչարյանը:
Որպես օդակաթիլային վարակ, այն ունի սեզոնայնություն: Ամենաբարձրը միշտ լինում է աշնան վերջին, ձմռանը և վաղ գարնանը: Հիվանդությունը սկսվում է բարձ ջերմությամբ, հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է:
«Ջրծաղիկը արագ տարածվելու հակում ունի և շատ արագ առողջ մարդիկ կարող են վարակվել», -ասաց Կ.Քոչարյանը:
Նա նաև փոխանցեց, որ առողջապահության նախարարությունը մոնիտորինգ է անցկացնում դպրոցներում, մանկապարտեզներում, սակայն ինքն իրավասու չէ այդ արդյունքների մասին տվյալներ ներկայացնել: Այս հիվանդությունը, ըստ նրա, կարելի է նաև տնային պայմաններում բուժել, սակայն բարդության դեպքում բուժումը իրականացվում է հիվանդանոցներում:
Հիշեցնենք, որ ջրծաղիկը վիրուսային, սուր ընթացքով, վարակիչ, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և ունի արագ տարածման միտում: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մինչև 10 տարեկան: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են հիվանդության 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձևեր:
Ջրծաղիկը հիմնականում թեթև ընթացող հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` երկրորդային վարակի միանալու հետևանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկով պայմանավորված թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը: