Ստյոպա Սաֆարյանը կհեռանա՞ «Ժառանգությունից»
«Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին: Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաև անակնկալներ են սպասվում: Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են «Հրապարակ»-ի աղբյուրները: Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը:
Թերթի տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին:
«Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, և կհայտարարվի այդ մասին»,- ասել է Լուսինե Պետրոսյանը:
Երեկ թերթը «կուլիսային» լուր է ստացել նաև այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում: Նա հիասթափված է կուսակցությունից: Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից և այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի:
«Ո՞վ է նման բան ասել: Ես նման որոշում չունեմ»,- թերթի հետ զրույցում ասել է Ս.Սաֆարյանը, սակայն նրա հետագա պատասխաններն ապացուցում էին, որ թերթի տեղեկությունը ճիշտ է:
Հարցին` համագումարից է կախված Ձեր որոշումը, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Համագումարին բոլորս ենք սպասում: Ի վերջո, պետք է սահմանվի, թե ուր է գնում կուսակցությունը, ինչ է անում, ինչ նպատակ է դնում: Այս առումով` այո»: