Գլխավոր թունաբան. Օձերի համար անբարենպաստ եղանակով պայմանավորված նվազել է խայթոցների թիվը
Այս տարվա ընթացքում օձերի խայթոցների թիվը նվազել է. հանրապետությունում դեռևս 12 դեպք է գրանցվել: Տեղեկությունն այսօր լրագրողներին փոխանցեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Նախորդ տարի ամբողջ հանրապետությունում եղել է 85 դեպք: Ըստ թունաբանի, արձանագրված դեպքերի քիչ լինելը օձերի համար անբարենպաստ եղանակային պայմաններով է պայմանավորված, նաև մարդիկ են ավելի զգույշ դարձել:
«Հանրապետությունում ամենատարածվածը հայկական իժն ու գյուրզան են: Իսկ ազդեցության առումով կապ ունի, թե օձը ինչ վիճակում է լինում. ամենավտանագավորը նոր արթնացած օձի խայթոցն է»,- ասաց նա:
Բժշկի խոսքով, կծածի դեպքում առաջին օգնության համար պետք է բերանով արտածծել և թքել, անշարժացնել վերջույթը, հասցնել հիվանդանոց: Չի կարելի կապել և կտրվածք անել կծած տեղը:
Անդրադառնալով կարիճներին և մորմերին, Միքայել Գաբրիելյանը նկատեց, որ Հայաստանում սև կարիճներն են թունավոր և բավական ծանր ազդեցություն են ունենում:
Հանդիպում են չոր վայրերում, շատ կան գերեզմանոցներում: Քաղաքում ևս շատ են:
«Առաջին օգնությունը հնրավորինս շուտ հիվանդանոց հասցնելն է: Կա նաև բաց գույնի կարիճ, ազդեցությունը տեղային ցավն է, բայց կարող է ալերգիկ շոկի բերել: Բժշկի դիմելը պետք է: Իսկ մորմի կծածից ուժեղ ցավ և ճնշում են ունենանում, կծածի դեպքում պետք է հնարավորինս շուտ հիվանդանոց հասցնել, բայց մինչ այդ` սառը թրջոց դնել և ցավազրկող տալ: Մորմերը գնալով շատանում են»,- ասաց նա:
Բժիշկը վստահեցրեց, որ բոլոր հիվանդանոցները ապահովված են հակաթույնով և շուտով նոր խմբաքանակ է բերվելու: