ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանում ոտնահարվում և խոչընդոտվում է արտասահմանյան լրագրողների գործունեությունը
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Եվրոպայի խորհրդում այսօր կայացած «Լրագրողների անվտանգություն․պարտավորությունից մինչև գործողություն» քննարկման ժամանակ անդրադարձել է օրերս Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Բաքու կատարած այցի պատիրակության մեջ ընդգրկված լրագրողներ Լորան Ռիչարդն ու Էմանուել Բախը ենթարկվել էին խուզարկության, առգրավվել էին նրանց պատրաստած նյութերը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Հանձնակատարը, ով բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին, այս քննարկմանը ևս նշել է, որ այս առումով Ադրբեջանում իրավիճակը գնալով վատթարանում է։
Նա ընդգծել է, որ այս քայլով Ադրբեջանը լրագրողների նկատմամբ բռնության կիրառման գործում տեղական մակարդակից անցնում է արդեն միջազգային մակարդակի։ Ակնհայտորեն ոտնահարվում և խոչընդոտվում է արտասահմանյան լրագրողների գործունեությունը։
«Այս միջադեպը ևս մեկ հարված է Ադրբեջանում մամուլի ազատությանն ու մարդու իրավունքներին»,-ասել Նիլս Մույժնիեկսը։
Հիշեցնենք, որ France 2 հեռուստաընկերության լրագրող Լորան Ռիչարդին և օպերատոր Էմանուել Բախին Բաքվի Հեյդար Ալիև օդանավակայանում անվտանգության 15 աշխատակիցներ ձերբակալել էին, խուզարկել և առգրավել նրանց սարքավորումներն ու նյութերը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մեկնումից հետո լրագրողները ևս 2 օր մնացել էին Բաքվում և Ադրբեջանի մասին ռեպորտաժ էին պատրաստել, որում հարցազրույցներ էին անցկացրել մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմադիր ակտիվիստների հետ։
«Լրագրողների անվտանգություն․պարտավորությունից մինչև գործողություն» թեմայով քննարկման նպատակն էր գտնել առավել արդյունավետ ուղիներ՝ լրագրողների նկատմամբ կիրառվող մարդու իրավունքների խախտումներին հակազդելու համար, և բացահայտել, թե ինչպես վաղ ահազանգների մեխանիզմները կարող են բարելավել լրագրողների պաշտպանությունը։ Այս հարցերում Եվրոպայի խորհուրդը կարևորում է միջազգային կազմակերպությունների համագործակցությունը՝ հատկապես Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ։ Եվրոպայի խորհրդի նպատակն է խրախուսել երկխոսությունը միջազգային կառույցների և լրատվամիջոցների ազատության կազմակերպությունների միջև՝ առկա խնդիրներին լուծում տալու համար։
Քննարկմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա