Այս կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս. Հրանտ Բագրատյան
Նախորդ կառավարության ներկայացրած ծրագրի համեմատ, այս կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս: Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քնննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա ընդհանուր առմամբ գոհ է Հովիկ Աբրահամայնի կառավարության ներկայացրած ծրագրից:
«Նախորդ կառավարության ծրագրերի մեջ նյութ չեմ տեսել ու մեր բոլոր քննադատություններն ազնիվ են եղել, արդյունքում մենք վեց տարի կորցրել ենք: Անկախ նրանից, ինչպես կքվեարկեմ, ինձ դուր է գալիս, որ առաջին անգամ կառավարությունն առաջարկում է սահմանի վրա ԱԱՀ-ն վերացնել: Դա մեծապես խրախուսելու է մեր տնտեսությունը», -հայտարարեց Բագրատյանը:
Նրա խոսքով, նախորդ կառավարությունը թեպետ իր ծրագրում նյութ չի ունեցել, այնուամենայնիվ օգտագործել է «ընդլայնողական» , «զսպողական» և այլ «անիմաստ» բառակապակցություններ: Արդյունքում սակայն, ըստ Բագրատյանի, 6 տարում 8 տոկոս աճ է գրանցվել, այն դեպքում, երբ Ադրբեջանը 1,5 անգամ Հայաստանից առաջ է ընկնում:
Նա կառավարությանը կոչ արեց հիմանական ուշադրությունը կենտրոնացնել գյուղատնտեսության ոլորտի և գյուղացու վրա` նկատելով, որ գյուղատնտեսությունը պետք է լինի «ընտանեկան, սեփական, ոչ վարձու աշխատանքի վրա հիմնված գործունեություն»:
«Որ ասում ենք հայրենիք, հուսով եմ չենք ընկալում Հյուսիսային պողոտա, այլ ընկալում ենք գյուղը»,- հավելեց պատգամավորը:
Կուտակային կենսաթոշակների համակարգի մասին քիչ խոսեց և միայն ասաց. «Քայլեր են արվում։ Ուղղակի ստացվում է՝ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»: