Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և Վերնիսաժում մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա պնդմամբ, դատարանն անհիմն է նման որոշում կայացրել, քանի որ իր պաշտպանյալը ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին և քննությունից խուսափելու պատճառներ չուներ:
Երեմ Սարգսյանը հատկապես համաձայն չէ Գոռ Առաքելյանի նկատմամբ առաջադրված` խուլիգանական դրդումներով շատերի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանքի հետ, քանի որ «որևէ մեկին վնաս պատճառելու մտադրություն նա չի ունեցել` առևել ևս խուլիգանական դրդումներով»:
Կալանքի վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին հստակ ծրագիր փաստաբանը չունի: Հարցը կքննարկի պաշտպանյալի հետ, որից հետո քայլեր կձեռնարկեն:
Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում):
Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») դստեր ամուսինն է: Նա Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած վեճի արդյունքում հինգ անգամ կրակոց էր արձակել, ինչի հետևանքով հինգ անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այժմ նրանց վիճակը կայուն է: Մայիսի 18-ի երեկոյան Գոռ Առաքելյանը ձերբակալվել էր:
Հարակից հրապարակումներ`
«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել
«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել. Փաստաբան