ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 49 միլիոն դոլար վարկ կվերցնի
ՀՀ կառավարությունը նախատեսում է 49 միլիոն դոլարի վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 20-ին ստորագրած ստորագրած թիվ 462-Ա « Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշումից:
Վարկը նախատեսվում է ստանալ «Ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում: Երևանում կայանալիք ավարտական բանակցություններին հայկական կողմից մասնակցող պատվիրակության ղեկավարը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ, կլինի ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Վերջինիս գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ պաշտոնյաներ: ՀՀ վարչապետի որոշմամբ բանակցային խմբի ղեակավարը լիազորված է. «ՀՀ կառավարության անունից քննարկել Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, վարկավորման պլանը, վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն»:
Ի դեպ, վարչապետի որոշման մեջ նշված չէ, թե բանակցությունները երբ պետք է տեղի ունենան: