Թ. Պողոսյան. «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցածը անպատժելիության հետևանք է
«Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցները անպատժելիության հետևանք են. մարդիկ համարում են, որ կարող են օգտագործել իրենց մոտ եղած զենքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» մոտ օրերս հնչած կրակոցներին, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Եթե մենք ցանկանում ենք իրավիճակ փոխել մեր երկրում, պետք է կարողանանք միմյանց հանդեպ հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել: Եթե ամեն ինչ օրենքով արվեր և ճանապարհը չփակեին, նման միջադեպ չէր լինի: Սա ընդհանուր իրավիճակ է, երբ ամեն մեկը համարում է, որ ես եմ տերը, ինչ ուզեմ կանեմ, օրենքի գաղափարը չկա: Պետք է ամեն ինչ անել, որ մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից, թե ով ում հետ ինչ բարեկամական կապ ունի և ինչ ֆինանսական միջոցներ»,- ասաց պատգամավորը:
Իր հերթին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը համոզմունք հայտնեց, որ այդ միջադեպը Հայաստանում ձևավորված «ագրեսիվ մշակույթի» հետևանք է:
«Մեզանում ձևավորվել է ագրեսիվ մշակույթ, մարդկանց պահվածքն ագրեսիվ է` անկախ նրանից, թե մարդն ինչ սոցիալական աստիճանի վրա է գտնվում: Չի կարելի հանդուրժել, երբ մարդիկ օրը ցերեկով կրակում են: Չի կարելի հանդուրժել, երբ մարդիկ լկտիաբար ճանապարհ են փակում օրը ցերեկով»,- նշեց Մ. Բադեյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ժամը 13.25-ի սահմաններում Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» մոտ, կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Առաքլյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է` դստեր ամուսինը: Վերջինը Վերնիսաժի տարածքում վեճի էր բռնվել երիտասարդների հետ ու հինգ անգամ կրակոցներ արձակել տարածքում: Կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 5 քաղաքացիներ, որոնք պատահական անցորդներ էին: