Կառավարության ծրագիրը Բադեյանին վստահություն ներշնչում է, Պողոսյանին` հակառակը
«Շատ դժվար է տնտեսության մեջ արագ որևէ բան փոխել, բնականաբար մեկ օրվա մեջ մեծ փոփոխություններ, արդյունքի տեսակետից, չեն ակնկալվում: Դա հնարավոր չէ, կախարդական փայտիկ չկա, ինչպես ասաց վարչապետը: Բայց շատ կարևոր է ձևավորել մթնոլորտ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները կզգան, որ ճնշված չեն և ազատ են»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով նոր կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Նա ասաց, որ եթե նոր կառավարությունը կարողանա ձևավորել տնտեսության մեջ նման մթնոլորտ, ապա դա կլինի շատ ուրախալի, սակայն անգամ այդ դեպքում, ըստ պատգամավորի, մեկ ակնթարթում ոչինչ չի փոխվի:
«Մենք ընդունել ենք բյուջե, կա բյուջեի մասին օրենք, բյուջեն վերանայման ենթակա չէ, եթե չեն լինում հատուկ իրավիճակներ, օրինակ՝ պատերազմ: Հաստատված բյուջեն այս կառավարությունը պարտավոր է կատարել: Համենայն դեպս և՛ վարչապետի անձը, և՛ կառավարությանը կազմը, ինչքան էլ քննադատելի և խոցելի լինի, որոշակի հույս ներշնչում է ինձ: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք, բայց ստարտը լավն է»,- ասաց Մ. Բադեյանը:
Իր հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի բոլոր կառավարություններն իրենց ծրագրերով ներկայացրել և խոսել են լուրջ փոփոխությունների մասին, սակայն խոսքը մնացել է ընդամենը խոսք:
«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ համակարգային ամբողջական փոփոխության կողմնակից ենք և անձերի փոփոխության խնդիրը երբևէ չի եղել մեզ համար ինքնանպատակ: Խնդիրը նրանում է, թե որքան վստահություն կա: Վարչապետն էլ ասաց, որ երկրում չկա վստահություն: Որ ծրագրի բառապաշարն է մի փոքրիկ փոխվել կամ մի քիչ ավելի ամբիցիոզ է գրված, դեռ որևէ բան չի նշանակում, դա դեռ թուղթ է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության կազմը նույնպես վստահություն չի ներշնչում: