Սոմա քաղաքի ողբերգությունը` ճակատագրական Էրդողանի կարիերայի համար
Թուրքիայի Սոմա քաղաքի ածխահանքերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը երկրում առաջ է բերել քաղաքական ճգնաժամ, որը կարող է ճակատագրական լինել Էրդողանի քաղաքական կարիերայի համար: Անդրադառնալով Թուրքիայում ծավալվող վերջին զարգացումներին` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հատնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նշենք, որ Մայիսի 14-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքերից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 301 մարդ: Ողբերգության հետևանքով երկրում ծայր է առել հուժկու բողոքի ալիք: Սոմայում, Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում Ցուցարարների դժգոհությունն ու զայրույթն ուղղված էր իշխանությունների ու վթարված ածխահանքը շահագործող «Սոմա Հոլդինգ»-ի դեմ, քանի որ վերջիններս չէին ապահովել հանքարդյունաբերության պահանջներից բխող անվտանգության նորմերը:
Ավելին` Սոմա ժամանած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվել է ցուցարարների ցասմանը և սպիպված եղել պատսպարվել մատակա խանութում: Ըստ տեղի ԶԼՄ-ների` խանութ մտնելու պահին սկսված քաշքշուկի ժամանակ վարչապետը բռունցքով հարվածել է այնտեղ գտնվողներից մեկին:
Դրան հաջորդել է Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելի կողմից` գետնին ընկած ցուցարաներից մեկի նկատմամբ բռնություն կիրառելը փաստող լուսանկարների տարծումը: Պատկերը ամբողջացրել է սոցիալական ցանցերում, ապա նաև Թուրքիայի էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնված փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ որ ածխահանքը մասնավոր չի եղել և 301 հանքափորի մահվան իրական պատասխանատուն հենց իշխանություններն են` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության:
«Սոմայի ածխահանքերում կատարված ողբերգությունը, որը պատմության մեջ գրանցված ածխահանքի ամենախոշոր վթարներից մեկն է, բնականաբար ունի նաև քաղաքական նշանակություն: Այս հարցը պետք է դիտարկել նախևառաջ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություների տեսանկյունից: Ամենակարևոր հետևանքը, որ կարող է ունենալ այս իրադարձությունը, դա Էրդողանի վարկանիշի անկումն է: Սա շատ լուրջ խնդիր է և մոտակա մի քանի շաբաթների ընթացքում պարզ կլինի, թե կհաջողվի՞ արդյոք Էրդողանին գործի դնել իր քաղաքական ճկունությունն ու խորամանկությունը և խուսափել լուրջ հետևանքներից: Ես կարծում եմ, որ այս անգամ նրան դա անել շատ ավելի դժվար կլինի: Դրա հիմնական պաճառը վերջինս կողմից թույլ տրված մի քանի քաղաքական սխալներն են»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը:
Որպես առաջին քաղաքական սխալ` բանախոսը մատնանշեց զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ Էրդողանի խիստ ձևական խոսքերը:
«Էրդողանը չկարողացավ գտնել մարդկանց վրդովմունքը փարատող խոսքեր: Նրա ձևական, մեծ մասամբ էլ արհեստական ճառն ավելի սրեց իրավիճակը: Երկրորդ սխալը, իհարկե, նրա օգնականի արարքն է: Սա նույնպես շատ բացասական հարված հասցրեց Էրդողանի վարկանիշին: Այս առումով էլ շատ ավելի դրական և ընդունելի մոտեցում ցուցաբերեց երկրի նախագահ Աբդուլահ Գյուլը: Էրդողանի այցի հաջորդ օրը նա հանդիպեց զոհերի հարազատների հետ և նրա խոսքերը շատ ավելի մարդկային էին», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սակայն կա նաև գործընթացի երկրորդ ալիքը: Դրանք Թուրքիայում ծայր առած հասարակական զանգվածային ընդվզումներն են: Բողոքի ակցիաներին մասնակցում են երիտասարդները, արմիութենական կազմակերպությունները, բազմաթիվ հասարակ քաղաքացիներ: Ցուցարարները հիմնականում բողոքում են բազմաթիվ ձեռնարկությունների` այդ թվում ածխահանքերի մասնավորեցման ժամանակ թույլ տրված զեղծարարություններից: Այդ զեղծարարությունների հեղինակը հենց Էրդողանի կառավարություն ու իշխող կուսակցությունն են: Հենց այս զեղծարարությունների արդյունքում է, որ ածխահանքում խախտվել էին անվտանգության բոլոր կանոններն ու նորմերը»,- հավելեց բանախոսը:
Ռ. Սաֆրաստյան կարծիքով` շատ բան կախված կլինի նրանից, թե կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը ընտրությունների նախօրերին մշակել գործողությունների միասնական ռազմավարություն` մասնավորպես, հանդես գալ միասնական թեկնածուով:
«Ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Ողբերգությունից ամիսներ առաջ ընդդիմությունը խորհրդարանում հարց էր բարձրացրել, որ ածխահանքերում անվտանգության նորմերը չեն պահպանվում: Ընդդիմության այս հարցապնդումը տրամաբանական արդյունքի չէր հասել, և դա կարող է օգտագործվել Էրդողանի և իշխող քաղաքական ուժի դեմ:
Մյուս կողմից` Էրդողանի ցունանիշը անկնառու կերպով նվազում է քաղաքային բնակչության, ինչպես նաև միջին խավի շրջանում: Դա երիտասարդությունն է, ուսանողությունը, կրթված խավը: Հասարակական այս շերտը դժգոհ է Թուրքիայի իսլամացման և եվրաինտեգրումից աստիճանաբար հրաժարվելու քաղաքականությունից, մարդու իրավունքների խախտումներից և վերջապես լրագրողների նկատմամբ բռնաճշումներից:
Վերջին շրջանում Թուրքիան սկսել են անվանել լրագրողների բանտ. 100-ից ավել լրագրողներ կա՛մ բանտարկված են կա՛մ էլ հետապնդվում են: Այս պայմաններում Էրդողանի միակ փրկությունը իր ավանդական ընտրախավի մոբիլիզացիան է: Կհաջողվի՞ դա նրան թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Իր հերթին Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` քիչ հավանական է, որ առաջացած սկանդալը սասանի իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի դիրքերը:
«Օգոստոսի 10-ին Թուրքիայում սպասվում են առաջին ուղղղակի նախագահական ընտրությունները:
Սա ամենայն հավանակնությամբ, ընդամենը դժբախտ պատահար է, սակայն ես չեմ բացառում, որ այս ամենը կարող է օգտագործվել քաղաքական կեղտոտ պայքարում: Ավելին` շատ բաներ ուղղակի «սարքվում» են:
Ինչ վերաբերում է Էրդողանի և իր խորհրդականի պահվածքին, ապա շատ հավանական է, որ ցուցարաների մեջ կային մարդիկ, որոնց հանձարարված էր հատուկ սրել իրավիճակը: Այստեղ դիմացի կողմը դրվել է անելանելի վիճակի մեջ:
Արևելյան հասարակության մեջ հայհոյանքին չպատասխանելը կրկին մեծ սխալ է: Իսկ էմոցիանալ պատասխանը բերում է նմանատիպ հետևանքների: Սակայն, ես կարծում եմ, որ Էրդողանի դիրքերը դեռևս շատ ուժեղ են»,- panorama.am-ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը:
Նախորդող հրապարակումներ`
«The Guardian». Արդյո՞ք Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետից հետո Էրդողանը կգոյատևի
Էրդողանը բռունցքով հարվածել է ցուցարարի (տեսանյութ)
«Թուրքիայում ածխահանքի վթարի զոհերը կփրկվեին, եթե հանքահորերում ապաստարաններ լինեին»
Թուրքիան սգի մեջ է
Թուրքիայի վարչապետի խորհրդականը ոտքով հարվածում է գետնին ընկած ցուցարարին (լուսանկարներ)